Ինչպե՞ս ընտրել բիզնեսի անվանում, ամեն ինչ նեյմինգի մասին
- Apr 20, 2022
- 3 min read
Կարելի է գովազդել ընկերությունը/պրոդուկտը, զբաղվել դրա առաջխաղացմամբ, փաթեթավորմամբ, վաճառքով, սակայն հաջողության չհասնել վատ անվանման պատճառով: Ուստի անվանման ընտրությանը չի կարելի մատների արանքով նայել:
Մարքեթոլոգ Ջեք Թրաութը նշում է. «Մարքեթինգային ամենակարևոր որոշումը, որը կարելի է կայացնել, վերաբերում է արտադրանքի համար անվանում ընտրելուն»:
«Johnson & Johnson» ընկերությունն էլ, քաջ գիտակցելով անվանման կարևորության մասին, հայտարարում է. «Մեր ընկերության անվանումն ու ապրանքանիշները, անկասկած, մեր ամենաթանկ ակտիվներն են»:
Նախորդ տարիներին ավելի քան տասն անգամ ամենաթանկ ապրանքանիշ է ճանաչվել աշխարհահռչակ «Coca-Cola»-ն:
Մասնագետները նշում են, որ նրա արժեքը ոչ թե մուգ գույնի գազավորված ըմպելիքի գինն է, ոչ էլ նույնիսկ այն արտադրող գործարանների. միլիարդների առյուծի բաժինը լեգենդար ապրանքանիշի արժեքն է:

Ի՞նչ է նեյմինգը և ինչո՞ւ է անհրաժեշտ
Սպառողի հետ հաղորդակցությունը սկսվում է ապրանքանիշի անվանումից. անվանումը ստեղծում է առաջին տպավորությունը և ուղղակիորեն ազդում սպառողի ընտրության վրա: Մեծ մրցակցության պայմաններում անվանումն օգնում է տարբերակել ապրանքը նրան նմաններից: Եթե սպառողը կանգնած է ընտրության առաջ, նա կընտրի իրեն հայտնի ապրանքանիշի արտադրանքը:
Դեռևս 1964 թ. կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ անվանումն ազդում է ապրանքի ընկալման վրա: Մասնավորապես, հետազոտության մասնակիցներին առաջարկել են գնահատել տարբեր տեսակի գարեջուր: Իմանալով գարեջրի ապրանքանիշների անվանումները՝ սպառողները որպես լավ գարեջուր նշել են կոնկրետ ապրանքանիշի արտադրածները: Մինչդեռ առանց ապրանքանիշներն իմանալու՝ մասնակիցները դժվարացել են ասել, թե որն է լավը:
Նեյմինգը բազմակողմանի գործընթաց է, որը ներառում է մի շարք ստեղծագործական և տեխնոլոգիական կողմեր (իմաստաբանական, շարահյուսական, արժեքաբանական, հոգեբանական, իրավական), ենթադրում է կազմակերպության կամ ապրանքանիշի անվանման ստեղծում և անուղղակիորեն պարունակում է և՛ ճիշտ դիրքավորում, և՛ արդյունավետ հաղորդակցություն:
Այլ խոսքով՝ նեյմինգը ընկերության, ապրանքի բացառիկ և հիշվող անվանման մշակումն է: Այն նպաստում է ապրանքի կամ ընկերության ճանաչելիության, պահանջարկի և սպառողների վստահության մակարդակի բարձրացմանը, դրդում գնում կատարել:
Նեյմինգի նպատակն ու խնդիրները
Նեյմինգի նպատակն է սահմանել ապրանքի կամ ապրանքանիշի / կազմակերպության առևտրային անվանումը, որի ներքո ապրանքը դուրս է բերվում շուկա, և որի հետ նրան պետք է նույնացնի սպառողը:
Նեյմինգն ունի 3 հիմնական խնդիր.
Հաղորդակցային – Այն անհատականացնում է ապրանքը/ծառայությունը/ընկերությունը: Եզակի անվանումն ու դրա հետ նույնացումը նպաստում են առաջխաղացմանը:
Կոմերցիոն – Հայտնի անվանումն օգնում է ավելացնել եկամուտները: Հանրաճանաչ ապրանքանիշները, որպես կանոն, սպառողների ուշադրությունը ավելի շատ են գրավում, քան պակաս հայտնիները:
Իրավական – Երկրների մեծամասնության օրենսդրությունը մի շարք պահանջներ է ներկայացնում՝ կապված անվանակոչման հետ: Անվանումը չի կարող գրանցվել, եթե այն համընկնում է նմանատիպ ապրանքի կամ ընկերության արդեն գրանցված անվանման հետ: Անգամ անվանումների նմանությունը կարող է դատական գործընթացի հիմք դառնալ: Օրինակ՝ հարավկորեական «Louis Vuiton Dak» ռեստորանը տուգանվել էր 14,5 միլիոն դոլարով, քանի որ նրա անվանումը շատ նման էր ֆրանսիական դիզայներական «Louis Vuitton» ապրանքանիշի անվանմանը։

Նեյմինգի գործառույթները
Նեյմինգը կատարում է մի շարք գործառույթներ: Ահա դրանք՝
Զուգորդող (ասոցիատիվ) – Ընդգծում է ընկերության, ապրանքի կամ ծառայության էական առանձնահատկությունները՝ սպառողի/հանրության հետ կապը հստակորեն ցույց տալու համար:
Անվանական – Սահմանում է ընկերության, ապրանքի կամ ծառայության անվանումը:
Գեղագիտական - Դրական հույզեր առաջացնելու միջոց է:
Տարբերակիչ – Ընդգծում է տարբերակիչ հատկությունները:
Ներազդող – Ընկերության, ապրանքի կամ ծառայության ճիշտ ընկալման ձևավորման միջոց է:
Խորհրդատվական – Ընկերության, ապրանքի կամ ծառայության վրա ուշադրություն հրավիրելու փորձ է:
Գրավելու – Ձևավորում է սպառողի/շահառուի դրական ընկալումը:
Մի քիչ թվեր նեյմինգի մասին…
«Feedvisor» ընկերությունը հարցումներ է անցկացրել 2000 մարդու շրջանում և պարզել, որ սպառողների 74%-ն ապրանքանիշի անվանումն ապրանքն ընտրելու կարևոր գործոն է համարում, իսկ 59%-ի համար անվանումը շատ կարևոր գործոն է:
Այլ հետազոտությունների համաձայն՝ Սպառողների 11%-ը հրաժարվում է օգտվել ընկերության արտադրանքից կամ ծառայություններից, եթե նրանց դուր չի գալիս ապրանքանիշի անվանումը:
Սխալ ընտրված անվանում ունեցող ընկերությունների 77%-ը ձախողվում է շուկայում իրենց գոյության 1-2 տարվա ընթացքում:
Սպառողների 90%-ն ընտրում է այն ապրանքը կամ ընկերությունը, որի անվանումն իրեն վստահություն է ներշնչում:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է անվանման կարևորության և ընկերության հաջողության գործում դրա մեծ նշանակության մասին: Ուստի անվանման ընտրությանը պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:
.png)

Comments